BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Մեր հաջողությունների օգոստոսը

Մեր հաջողությունների օգոստոսը
05.09.2014 | 17:38

Մինչ օգոստոսյան անցած օրերին մեզնից ոմանք հանգստանում էին աշխարհի տարբեր անկյուններում, ոմանք էլ կրակն էին ընկել հայաստանյան խայտառակ տապի ձեռքը, մեր պատանիները հեռավոր չինական նույնքան հեռավոր Նանկինում մասնակցում էին իրենց տարիքային խմբի ամենահեղինակավոր մարզական միջոցառմանը՝ պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերին:

Որպեսզի առանձնապես անհանգիստ ընթերցողին սպասումների մեջ շատ չպահենք, միանգամից վերջից գանք: Մրցեցինք ինը մարզաձևում, շահեցինք յոթ մեդալ, որոնցից երկուսն ամենաբարձր հարգի է, երկուսը՝ արծաթե, երեքը բրոնզե մեդալներ են: Իսկ հիմա ամեն ինչ մանրամասների մեջ, որովհետև թե՛ մարզիկները, թե՛ մարզասերներս դրան արժանի ենք:
Տրամաբանական կլինի սկսել ծանրորդներից ու ոչ միայն նրա համար, որ հենց այս մարզաձևից են մեր ոսկիները: Ծանրամարտը Հայաստանում բարի ավանդույթներ ունի: ՈՒրախալին այն է, որ դրանք ոչ միայն չենք կորցնում, այլև զարգացնում ենք: Ճիշտ է, մեծահասակների կտրվածքով վերջին մի քանի տարում առանձնապես չենք առանձնանում (մասնավորապես նկատի ունեմ աշխարհի առաջնությունները), սակայն տարիքային այլ խմբերում գործերի դրվածքը հիմք է տալիս ասելու, որ խելամիտ վարվելու դեպքում հերթական պոռթկում անվիճելիորեն կունենանք: Ինչ վերաբերում է պատանեկանի մեր հերոսներին, գյումրեցի Հակոբ Մկրտչյանն ու էջմիածինցի Սիմոն Մարտիրոսյանը պարզապես հիացրին: Հանդես գալով 77 կգ քաշային կարգում՝ Հակոբը գերազանց կամային որակներ դրսևորեց ու ազնիվ մետաղին սովոր Գյումրի տարավ հերթական մեդալները՝ մեծով ու իր «ճտերով»: Երկամարտում նրա ցույց տված արդյունքը 319 (142+177) կիլոգրամ է: Նույնն արեց և Սիմոն Մարտիրոսյանը, միայն այն տարբերությամբ, որ եթե Հակոբը մրցում էր առանձնակի լարված պայմաններում՝ մրցակիցներն ահեղ էին, ապա Սիմոնի միակ իրական մրցակիցը ծանրաձողն էր: Մարզասերն այս մարզիկի անցած ուղու մանրամասներին քաջատեղյակ է, քանզի «Իրատես de facto»-ն հայաստանյան մարզական կյանքից մասնավորապես առանձին ջանադրությամբ է անդրադառնում ծանրամարտին, ու դա ավելի քան ակնհայտ փաստ է:
Սիմոն Մարտիրոսյանը գերծանր քաշային կարգում բոլորին ապշեցրեց իր ահռելի ուժով: Եթե ասենք, որ երկրորդ տեղը գրաված մարզիկին գերազանցեց 55 կիլոգրամով, սա բավարար կլինի նրա առավելությունը պատկերացնելու համար: Այսքանից հետո կարիք կա՞ ասելու, որ մարզիկը մրցահարթակ էր բարձրանում այն ժամանակ, երբ բոլորն ավարտած էին լինում մրցելույթները: Սակայն Սիմոնը Սիմոն չէր լինի, եթե միայն այսքանով առանձնանար: Հրում վարժության իր օլիմպիական ռեկորդով՝ 221 կլիլոգրամ, մեր հսկան պարզապես խենթացրեց մարզասրահին ու աշխարհին, որովհետև, մեր մեջ ասած, եթե շշմեցնելով չես հաղթում, մի տեսակ էն չէ: Հը՞: Բան ասացի՞ք, թե՞ ինձ թվաց:
Եթե հունահռոմեական ոճի ըմբիշ, 58 կգ քաշային Զավեն Միքայելյանի փոխչեմպիոն դառնալն առանձնապես անակնկալ չէր (նկատի ունեմ մարզաձևում մեր հարուստ ավանդույթները), ապա հրաձիգ Հրաչյա Բաբայանի արծաթը գարնան շնչի պես բան էր մարզաձևում, որտեղ նույնպես ավանդույթներ ունենք՝ մասնավորապես ի դեմս Հրաչյա Պետիկյանի, բայց ոչ այնքան վառ ընդգծված, որքան ըմբշամարտում:
Դառնանք բրոնզե մեդալակիրներին: Նրանցից երկուսը՝ Վաղինակ Մաթևոսյանն (54 կգ) ու Սարգիս Հովսեփյանը (76 կգ) նույնպես ըմբիշներ են, ազատոճայիններ: Ինչ վերաբերում է երրորդին՝ Նարեկ Մանասյանին (81 կգ), մարզիկը ներկայացնում է բռնցքամարտը, որտեղ նույնպես ավանդույթներով պակաս հարուստ երկիր չենք:
Մեր մյուս պատվիրակներից մեդալներին շատ մոտ էր կանգնած բռնցքամարտի աշխարհի պարմանուհիների չեմպիոն Անուշ Գրիգորյանը (48-51 կգ քաշային կարգ), սակայն մարզուհին զիջեց բրոնզի համար պայքարում: Հրաձիգ Զավեն Իգիթյանը օդամղիչ ատրճանակի 10 մետրի մրցումներում հինգերորդն էր, ծանրորդուհի Սոնա Պողոսյանը (63 կգ)՝ վեցերորդը, 66 կիլոգրամ քաշային ձյուդոիստ Հարություն Դերմիշյանն ու ջրացատկորդ Լև Սարգսյանը (10 մ աշտարակացատկ)՝ յոթերորդը: Մյուս մարզիկների արդյունքներն ավելի համեստ են, թեպետ մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանի, լողորդ Վահան Մխիթարյանի մասնակցությունն իսկ խոսում է նրանց հեռանկարային լինելու մասին:
Ինչևէ: Թիմային հաշվարկով Հայաստանը Սլովենիայի ընտրանու հետ կիսել է 29-30-րդ տեղերը: Սա հարկավ լավ արդյունք է, եթե համեմատության մեջ ենք տեսնում նախորդ օլիմպիական խաղերի հետ, և թերևս ոչ այնքան, եթե մերձ հարևանների ունեցածի հետ ենք դիտարկում: Սակայն երևի թե սա չէ կարևորը: Ամեն մեկն իր ճանապարհն է անցնում, և շատ ավելի կարևորն այն է, որ վերընթացով ենք գնում՝ ունենալով ֆինանսական անհամեմատ սուղ միջոցներ ու մարզումային պայմաններ: Հուսանք, որ այստեղ էլ դրական տեղաշարժերն արագ տեմպերով կընթանան, ու մենք ավելի ներկայացուցչական կլինենք թե մասնակիցների թվով, թե մարզաձևերի ընդգրկումով, թե այլ բաներով: Չմանրամասնենք, բայց և, ի ամփոփում, չմոռանանք սրտանց շնորհավորել մեր բոլոր մարզիկներին, նրանց պատրաստած մարզիչներին, մարզական այն ֆունկցիոներներին, որոնք ունեցել են ներդրման իրենց անհրաժեշտ բաժինը, ցանկալով նորանոր նվաճումներ, նորանոր բարձունքներ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ